
Կարինե Խոդիկյան
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1980)։ 1988–1989 թվականներին եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից։
1989–2001 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես խմբագիր։ 2000 թվականից «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիրն է։ 2001–2004 թվականներին, ինչպես նաև 2012 թվականից՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է։
2004 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2007 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։ 2008 թվականին սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Հեղինակ է պիեսների և պատմվածքների ժողովածուների, այդ թվում՝ «Պիեսներ» (1997), «Մեռյալ սիրո փողոցը» (2001), «Երկու պիես» (2003), «Խաղի ժամանակը» (2004) և «Ցելոֆանե երջանկություն» (2011)։ Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պարոնյանի անվան թատրոններում, ինչպես նաև Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում։